ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴԻՑ»

«ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴԻՑ»
12.03.2010 | 00:00

Անհամերաշխ մտավորականության ամորֆացմամբ` զարմանազավեշտ հաղթանակներ է տոնում անձնավորված պայքարը։ Անզորությունից ակամա հոգեսպան են լինում անհերքելի ճշմարտության հատուկենտացող ջատագովները` ներամփոփ լռության մատնվելով։ Եվ կառավարման լծակներին ավելի ու ավելի վստահաբար տնօրինողներին հաջողվում է, զանգվածային հիպնոսի օրավուր հեշտացող արմատավորմամբ, երևութական գունագեղություն հաղորդել մեր խառնապղտոր ներկային, այդ թվում և` մշակույթին։
Անկախական-անջատողական հեղաբեկումներից ծայր առնող տարերահորձանուտում անվարժ դիմակայելով` արդի մշակութային խմորումները, մոտ երկտասնամյա վայրիվերումներով, կարծես թե հստակվող համապատկեր են ձևավորում մեր օրերում։ Փորձում են հարմարվել գլխիվայր շրջված պատկերացումներին ու գնահատման նորահնար չափորոշիչներին ամենատոկուն արվեստագետները։ Անհատականության բարձրարժեք ինքնատիպությամբ ակնառու ստեղծագործությունը, երբեմն դժոխային ջանքերով, հանրաճանաչման ուղի է հարթում։ Կոլեկտիվ արարման գլխին շարունակում է ճոճվել դամոկլյան սուրը` փառաբանվող գործունյա միջակության ու «արհեստավարժ» չինովնիկի համադաշնությամբ։
Մեր երաժշտական թատրոնի ռեժիսուրայի ռահվիրաներից առայժմ վերջինի` Տիգրան Լևոնյանի գեղարվեստական գահընկեցությունից ու Գեղամ Գրիգորյանի գեղագիտական միանձնյա առաջնորդության բացառումից հետո Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական 77-ամյա թատրոնի ստեղծագործական առօրյայի ու դիմագծի գլխավոր պատասխանատվությունը որպես տնօրեն ու գեղարվեստական խորհրդի նախագահ ստանձնած ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԿԱՄՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ «օպերային» կրքերի շուրջ իր դիրքորոշումն է պարզաբանում «Իրավունքը de facto»-ի արվեստասեր ընթերցողներին։

«ԻՄ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ»
-Նախ, ներկայացրեք, խնդրեմ, Ձեր անցած ճանապարհը մինչ Օպերայինում հայտնվելը։
-Մասնագիտությամբ ջութակահար եմ։ Դեռևս կոնսերվատորիայում ուսանելիս եմ նախընտրել մանկավարժական գործունեությունը` աշխատանքային կենսագրությանս առաջին էջերը գրելով Չարենցավանի երաժշտական դպրոցում որպես ուսուցիչ, ապա ուսմասվար։ Այնուհետև տնօրինել եմ Երևանի թիվ 10 և թիվ 12 երաժշտական դպրոցները։ Ոչ թե վարչարար եմ եղել, այլ ստեղծագործական կոլեկտիվի ղեկավար, քանզի արվեստի հանրակրթարաններում անխուսափելի անհրաժեշտություն է ուսուցման ու արարման համատեղումը։ Կրթելուն համընթաց մշակութային այդ դպրոցներում անսամբլներ են ձևավորվում, մրցույթներ, համերգներ ու հյուրախաղեր կազմակերպվում։ 24 տարի տնօրեն աշխատելուց հետո, 1999-ի մարտի 1-ին, նշանակվել եմ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրեն։ Այնպես որ, իմ ամբողջ աշխատանքային կենսագրությունը ստեղծագործություն է եղել։
-Ամենաբարդ ու բազմամարդ թատերաերաժշտական կառույցում Ձեր 11-ամյա տարաշերտ փորձառությամբ գնահատեք, խնդրեմ, հոգեվարքից կարծես թե սթափվող մեր միակ, իր տեսակով եզակի մշակութային անզուգական օջախի ներկան։
-Թատրոն եկա շատ ծանր ժամանակներում։ Մինչև 6 ամիս ուշացումով էին աշխատավարձերը վճարվում։ Փորձերի ընթացքում մերթ երգչախմբից էին կանչում, մերթ նվագախմբից, մերթ պարախմբից։ Աշխատել չէին զլանում, սոցիալականի ճիրաններում հյուծված` գեթ տրանսպորտից օգտվելու օժանդակություն էին հարկադրված խնդրում։ Փառք Աստծո, խենթ նվիրումով դիմագրավեցին նվաստացուցիչ կեցության դժվարություններին։
-Բայց աղճատվեց թատրոնի ստեղծագործական նկարագիրը, վհատված առօրյան անմիջականորեն անդրադարձավ հազվադեպ բեմ բարձրացվող արդեն կայացած ներկայացումների որակի վրա, մանավանդ Տիգրան Լևոնյանի «գահընկեցությամբ» նրա սքանչելի բեմադրություններից կտրուկ հրաժարվելուց հետո։ Հանիրավի օտարվեց խաղացանկից լավագույնը` Դոնիցետիի «Պողիկտոսը»։
-Անկախության տարիներին ապրած հայտնի նահանջներով, որոնցից զերծ չմնաց որևէ բնագավառ, հետընթաց ապրեց նաև օպերային թատրոնը։ 2000-2006-ին պետպատվեր չենք ունեցել նոր բեմադրության։ Մեր անձնական հնարավորություններով Գեղամ Գրիգորյանի հետ կարողացել ենք «Անուշ», «Նորմա» և «Գայանե» բեմ բարձրացնել։ Հասկանալով ընդհանուր, տնտեսական առաջնահերթությունները` որպես պետական գործիչ, ձեռնպահ եմ եղել ու մնացել իմ երկրի կառավարությանը քարկոծելուց ֆինանսական մասնակի հատկացումների համար, որոնցով անկարելի էր բնականոն գործարկումն օպերայինի խոշոր կառույցի։ Մեր բեմում միայն մի մեծ գործարան է աշխատեցվում։ 30-ից ավելի ծառայություններ կան, այժմ` մոտ 700 աշխատող։ Երկրում իրավիճակի կայունացմամբ` 2006-ից պաշտոնական վերաբերմունքն էլ փոխվեց։ Ճիշտ է, առայժմ տարեկան բյուջեի 75 տոկոսն ենք ստանում, բայց Հայաստանի համար դա պատկառելի թիվ է` մոտ 600 մլն ՀՀ դրամ։ Ստիպված ենք լինում հաճախակի վարձակալության տալ դահլիճը` տարեկան ծախսերը հոգալուն անհրաժեշտ 25 տոկոսն արտաբյուջետային եկամուտներով լրացնելու նպատակով, որովհետև դրամարկղային հասույթը, մեղմ ասած, հեռու է շոշափելի մաս կազմելուց։
«ԼԱՎ ԿՅԱՆՔԻՑ ՉԷ, ՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ»
-Ամեն կարգի միջոցառումներին Օպերայինի բարենորոգված, ներկայացուցչական դահլիճը տրամադրելով չե՞ք խաթարում առօրյա ստեղծագործական ռիթմը։
-Արդեն 2 տարի է, ինչ մեզ մոտ ոչ միայն մարզական, այլև ցածրակարգ որևէ միջոցառում չի անցկացվում։ Լինսի հիմնադրամով մեկ տարի ութ ամիս արյան գնով վերանորոգված շենքում խուսափում ենք ամանորի եկամտաբեր ամենամյա հանդեսներ նախաձեռնելուց անգամ։ Հաճախ հարկադրված ենք լինում ընդառաջել վարձակալության հայտերին` նկատի առնելով նաև համերգային դահլիճների սակավության գործոնը։
-Ինչո՞վ ձեռնտու չէ մարզահամերգային համալիրը։
-Սահմանված սակագնով` 8-10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք։ Այս տարիներին կոլեկտիվի հետ իմ հիմնական կոնֆլիկտը ծագել է հենց վարձակալության մեծ ծավալների պատճառով։ Բեմադրական ու ընթացիկ փորձերն ենք ստիպված եղել սահմանափակել։ Այդուհանդերձ, այժմ խաղացանկում 20-ից ավելի անուններ ունենք։
-Հազվադեպ խաղարկվելով` դրանք չեն հասցնում պատշաճ գունեղանալ ու ամբողջանալ, հագեցնել արտիստների բեմական կարոտը։
-Դիտելով մեր ներկայացումները «Մետրոպոլիտենի» կամ «Լա Սկալայի» «աչքերով»` Դուք հաշվի չեք նստում մեր բեմադրական սուղ հնարավորությունների հետ։ Լավ կյանքից չէ, որ նշանակություն ենք տալիս վարձակալությանը։ Հրաշալի ձայներ ունենք, բայց մեր երգիչները, ըստ կարգավիճակների, 45-ից 110 հազար դրամ աշխատավարձ են ընդամենը ստանում։ Իրենց սոցիալական խնդիրները որոշ չափով լուծում են կողմնակի երգչախմբերում երգելով, ուստի անկարող են առավելագույն արդյունավետությամբ հանդես գալ բեմում, լիովին կենտրոնանալ օպերայինում։
-Կարծում եմ, անհամեմատ մտահոգիչ է պարախմբի վիճակը, առհասարակ արդի հայ պարարվեստի։ Արական սեռի ներկայացուցիչների համար պարելն այդպես էլ այլընտրանքային զինծառայություն չի ընդունվում։
-Մեր բալետախմբի տղաների համար այդ հարցը կարգավորված է։ Լրացուցիչ ուժերի կարիք ունենք։ «Սպարտակը» բեմադրելիս, օրինակ, պարողների պակասը «Բարեկամություն» խմբով լրացրինք։
-Նորայր Մեհրաբյանի գլխավորած այդ պարախումբը զրկված է ամենատարրական ստեղծագործական պայմաններից։ Ցածր աշխատավարձերից բացի, նսեմացուցիչ է մասնագիտության բերումով վաղաժամ բեմը լքողների կենսաթոշակների վճարման կարգը։ Պարզվում է, նրանք իրենց աշխատանքային վաստակի պտուղներին կարող են արժանանալ սահմանված տարիքը լրանալուց հետո միայն։
-Աշխարհի հետ համեմատվելու կողմնակի արգելքներ շատ կան։ Իդեալական պատկեր ակնկալելն այժմ անարդարացի է։ Վերջին տասը տարում մեր խաղացանկն ավելացավ, բայց դեռ բավարար չէ ներկայիս 60 մենակատարների լիարժեք զբաղվածությունն ապահովելու համար, նաև սերնդափոխության անխզելի կայացման։ Երբեմն դժգոհում են` ի՜նչ Անուշ էր այսինչը կամ այնինչը։ Չեն ուզում հասկանալ, որ առանց ներկայացում երգելու փորձառության նոր Անուշ չենք ունենա։ Ոչ մեկի առջև փակ չեն եղել մեր դռները` կոնսերվատորիայի ուսանողի, թե շրջանավարտի։ Տարվա ընթացքում, հնարավոր է, մեկ ներկայացում միայն երգեն, բայց ամբողջ ժամանակ մեներգերի վրա են աշխատում կոնցերտմայստերի հետ։ Վարձատրվում են այնքան, որ ստիպված չլինեն սրճարանում մատուցող աշխատելու։
-Որովհետև հարակից եկեղեցական պատարագներ (հատկապես` կիրակնօրյա) երգելով դեռևս կարողանում են հավելյալ «երաժշտական» վաստակ գտնել` հաճախ անխնա շահարկելով բնատուր հրաշալի ձայնը։ Արդյո՞ք պատշաճ շարունակվում են Գեղամ Գրիգորյանի երգեցողության դասերը, որոնք անփոխարինելի դերակատարություն են ունեցել հարյուրավոր սկսնակ երգիչ-երգչուհիների կայացման մեջ, որոնցով նա համալրեց օպերայինի երգչախումբը։
-Անպայման, Գրիգորյանը շարունակում է աշխատել մեր թատրոնում որպես ռեժիսոր և վոկալիստ։ Իր 4 բեմադրությունների ներկայացումներին է կանոնավոր հետևում, նախապես փորձում։
-Օպերային երգարվեստում համաշխարհային հռչակ վաստակած արվեստագետը, անկեղծ ասած, նույն ուժգնությամբ չի փայլում թատերական ռեժիսուրայում։ Ինձ հետ համակարծիք են թե՛ նեղ մասնագետները, թե՛ մոլի երաժշտասերները։ Աղքատիկ բյուջեի պարագայում ավելի խելամիտ չէ՞ր լինի պահպանել Լևոնյանի արդեն կայացած լավագույն բեմադրությունները։
-Ստորջրյա հզոր հոսանքներ կան, որոնց հակաստեղծագործական ներուժին Ձեզ նման մտածող շատերն են մասնակիորեն միայն տեղեկացված, դրանց մասին լռություն է պահպանվում, բայց անցանկալի հետևանքներն ընդհանուր պատկերի վրա սև բծերի նման անպայման անդրադառնում են։ Ցավոք, մշակութային գործունեության համաչափ ընթացքը մեզանում խաթարվեց ոչ միայն հայտնի իրադարձությունների անկանխատեսելի դրսևորումներով տասնամյակներով գործող բոլոր համակարգերում։ Ես 4 ամիս աշխատել եմ Տիգրան Լևոնյանի հետ։ Քաջատեղյակ եմ նրան թատրոնից օտարած «օպերային» կրքերին։ Գերադասում եմ հիմա, հետին թվով չմանրամասնել դրանք։ Ասեմ միայն, որ իր կամքով խաղացանկից դուրս մնացին արված ներկայացումները։ Ամեն դեկտեմբերի 14-ին մենք ավանդաբար նշում ենք Լևոնյանի և Գոհար Գասպարյանի ծննդյան միացյալ տարեդարձը։ Վերջին անգամ, երբ «Պողիկտոսը» դրեցինք, 13 տոմս վաճառվեց ընդամենը, չնայած ազդագրեր էինք տարածել, Հ1-ն էր գովազդել (շնորհակալ եմ Ալիկ Հարությունյանին` մեր թատրոնի նկատմամբ առանձնակի սատարող վերաբերմունք ունի միշտ, անշահախնդիր)։ Գրիգորյանի «Անուշը» Լևոնյանի բեմադրածին հակադրողներին հավաստեմ, որ Լևոնյանն ինքը լիարժեք չէր համարում եկեղեցու մեն-մի պատկերի վրա կառուցված իր «Անուշը», քանի որ ի սկզբանե այն այդպես էր մտածվել հեշտությամբ դուրս տանելու նպատակով։ Եթե կարդաք Լևոն Հախվերդյանի գրած հոդվածները, կհամոզվեք, որ համընդհանուր չի եղել ոգևորությունը Ձեր հավանած բեմադրությունների ներկայացումներով։ «Պողիկտոս»-ից բացի, «Օթելլոն» էլ եմ ափսոսում։ Տեխնիկական խոչընդոտներ կան նաև ներկայացումների հազվադեպ խաղարկման։ Մեր հոյակերտ շենքում մի բեմ կա միայն։ Եթե նոր բեմադրության առաջնախաղի ենք պատրաստվում, առնվազն 10-15 օր մյուսներին բեմ տրամադրել չենք կարող։ Օպերային ներկայացման 3 հիմնական բաղկացուցիչներն առանձին ու միավորված փորձերի կարիք ունեն։ «Դոն Ժուանը» բեմադրելիս 2 ամիս մեծ իրարանցում էր մեզ մոտ, ուրիշ ոչնչով չէինք կարողանում զբաղվել։
-Արդյոք արդարացվա՞ծ էր անփորձ բեմադրիչին (ով էլ որ լիներ) մեր ակադեմիական բեմը վստահելը տոնածառի հանդեսի սկզբունքով արված անարվեստ մի նոր ներկայացում ունենալու համար։
-Վրաստանի մշակույթի և արտգործնախարարության առաջարկով համատեղ բեմադրություն ձեռնարկեցինք։ Բեմադրիչին, հագուստները, դեկորներն իրենք էին տրամադրում, իսկ մենք կատարումն էինք իրագործելու։ Արդիաոճ բեմադրամտահղացում թվաց։ Ընթացքում անհամաձայնություններ ունեցանք, բայց որոշեցինք մինչև վերջ գնալ։ Թող որ հաջողված չէր ներկայացումը, բայց մեր արտիստների համար ուժերի փորձարկման հնարավորություն էր, առաջին մեծ բեմել։ Ի դեպ, բեմադրիչը տեսագրությունն ուղարկել էր Իսրայել, հավանել էին, հրավեր ուղարկել մայիսյան փառատոնի մասնակցության։ Մենք հրաժարվեցինք։ Նախ` գումար չկա։ Եվ հետո` այս տարի գերծանրաբեռնված ենք։ Մի քանի բալետային պրեմիերաներ ունենք...
-Նորանշանակ գլխավոր բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանի կողմից օրերս բեմ բարձրացված 2 բալետների` «Բախի կրքերի» և Պերգոլեզիի «Stabat Mater»-ի հանդիսատեսային ջերմ ընդունելությունը, բալետախմբի կողմից արտասովոր գեղագիտության յուրացումը ակնկալվող առաջաքայլի հուսադրող նախանշաններ են։
-Միջին մակարդակ ապահովելու համար իրագործեցինք համաշխարհային բեմում վաղուց հաստատված փոքրածավալ այդ ներկայացումները։ Այսօր մեր բալետախումբն ամբողջ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, աղջիկների մեջ որակական աճ է նկատվում։ Շուտով «Ռոմեո և Ջուլիետ», «Շչելկունչիկ» ենք սկսելու բեմավորել։ Նախատեսել ենք նաև օպերային 2 պրեմիերաներ` «Աիդա» և «Սայաթ-Նովա»...
-Եվ վերջապես կավարտվի վերջինիս բեմադրական «ոդիսականը»։
-Ստեղծագործական մասով խնդիր չունենք, երգիչները վաղուց պատրաստ են։ Մնում է բեմադրական աշխատանքներն ավարտին հասցնել։ Մեզ որակի պահանջներ եք ներկայացնում, երբ ստիպված ենք անվերջ խնայողություններ անել բյուջեի մեջ տեղավորվելու համար։ Չանել չենք կարող, գերադասում ենք միջակ ներկայացումը ստեղծագործական պարապուրդից։
-Ինչո՞ւ չի կարելի մյուս բեմադրությունների շուրջ էլ «Սպարտակ»-յան համախմբման հասնել և ունենալ մնայուն ներկայացումներ։ «Ալմաստը», օրինակ, ձախողումից մի կերպ փրկվեց։
-Ճշմարիտ է, բայց ես չեմ կարող վարչապետից պահանջվող գումարը խնդրել, երբ երկրի տնտեսության մեջ բազում անլուծելի խնդիրներ կան։ Այդուհանդերձ, «Աիդան» մտածում ենք «Սպարտակ»-ին համարժեք շուքով կայացնել Մարիո Կորադիի բեմադրությամբ։
-Մեր վարչապետը բարեկիրթ մարդ է, կարծում եմ, առանց խնդրելու էլ գիտի, թե որքան և ինչ է հարկավոր բարձրարվեստ ազգային ակադեմիական թատրոն ունենալու համար։ Ինչպե՞ս է մեր հարևան Վրաստանում։ Լուրջ մշակույթի համար, որ երկրի դեմքն է, այցեքարտը, ոչինչ չի խնայվում։ Նինո Անանիաշվիլու բալետախմբի անցյալ հյուրախաղերն ասվածի ամենախոսուն հավաստիքն են։
-Նրանց նվագախմբում նվազագույն աշխատավարձը 600 դոլարից է սկսվում, մեզ մոտ` 45 հազար դրամից։ Այստեղից պետք է սկսել, մնացածը շատ կարճ ժամանակում տեղը կընկնի։ Մեր երաժիշտներին, արտիստներին հավասարը չկա, ֆանտաստիկ ձայներ ունենք, մենակատարներ, որոնց կորցնելն է ափսոս։ Ներկայիս մեր գերխնդիրը աշխատավարձն է։
«ԼԱՎ ՌԵԺԻՍՈՐ ԼԻՆԵԼԸ ԼԱՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔ ՉԷ»
-Բարձրարվեստ կոլեկտիվ ստեղծագործությունն անկարելի է առանց գեղագիտական հմուտ առաջնորդի։ Սա բազմաթիվ թատրոնների օրինակով, կյանքով ստուգված ճշմարտություն է։ Օպերայինում գործող գեղխորհուրդը հազիվ թե լիարժեք լրացնի այդ բացը։ Մեկը միայն կարող է պատասխանատվություն կրել բեմ բարձրացվող ստեղծագործության ամբողջական որակի համար։ Իմ տպավորությամբ` հենց Ձեզ վրա է ընկած այդ ծանր լուծը։
-Միասին նայում էինք «Մուսա լեռան 40 օրը»։ Շուտով կկայանա «Մեղր»-ի պրեմիերան։ Թող որ Էլբակյանի ու Մազմանյանի այս բեմադրություններն անթերի լինեն, բայց ինչպե՞ս կարելի է մեկ հաջողված կամ ձախողված ներկայացումով դատել արվեստագետի արժանավորության մասին Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնելու։ Նույնիսկ 5 տաղանդափայլ ներկայացումները երաշխիք չեն կարող լինել։ Սխալ դիրքորոշում է։ Մարդը կարող է լինել Սպիվակովի նման ջութակահար, բայց նրա նման դիրիժոր` ամենևին։ Միանշանակ։ Գերգիևի նման ցայտուն անհատականություններն էլ բացառիկ են։ Լավ ռեժիսոր լինելը լավ գեղարվեստական ղեկավար լինելու բավարար հիմք չէ։ Մարդկային կարևորագույն հատկանիշներ, կազմակերպչական միաբանող ունակություններ պիտի ունենա ստեղծագործական կոլեկտիվի ղեկավարը, ով նաև համապատասխան մասնագիտացում ու փորձ ունի։
-Դժբախտաբար, թատերական կոլեկտիվ ստեղծագործության մասնագիտական նրբություններին անտեղյակ չինովնիկներն են տնօրինում թատրոնների ճակատագիրը, սահմանում անհեթեթ փորձաքննություններ, «փորձանքաշրջաններ» ըստ էության, քանզի վերջնական եզրակացություն-«դատավճիռ» կայացնելու իրավունքը վերապահվում է կյանքում թատրոն չհաճախած պարտոկրատին, գրամոլին, քարը քարին չդրած ճարտարապետին, օտար լեզուների մասնագետին կամ այս կարգի մեկ ուրիշին, ով ազդեցիկ կապերով կամ բախտի բերմամբ տաքուկ տեղ է գտել իշխանության վերին ատյաններում։ Ակնհայտորեն անձնավորված, իսպառ խեղաթյուրվող գնահատության չափանիշներին բավարարում են նախընտրելի արտոնյալները։ Ընդհանուր ստեղծագործական մթնոլորտն է աղետալիորեն աղտոտված։ Հաշտարար դատավորի Ձեր մարդկային հատկանիշներով Դուք առայժմ կարողանում եք համախմբել 700-հոգանոց կոլեկտիվը, փորձում եք ճիշտ հայտարարագրել առանձին խմբերը` երգչախումբը, պարախումբը, նվագախումբը գլխավորողների կարծիքներն այս կամ այն նորաստեղծ աշխատանքի մասին։ Բայց Դուք չունեք երաժշտական ռեժիսուրայի փորձառու վարպետ, ինչն ակներև է վերջին շրջանի բեմադրություններում։ Հրավիրված հատուկենտ բեմադրիչները չէ՞ որ թանկ արժեն։ Ինչո՞ւ տեղի կարող ուժերին չեք ապավինում կամ ներգրավում երաժշտական թատրոնի ռեժիսուրայում Մոսկվայի թատերարվեստի ակադեմիայում (հայտնի թԼՁԼհ-ում) մասնագիտացած երիտասարդներին, ովքեր ուսումն ավարտելով գալիս են մեզ մոտ, օպերային ստուդիայում 1-2 բեմադրություն անում, ապա, անգործ թափառելու հեռանկարից խուսանավելով, հաստատվում արտերկրի թատրոններում։ Ինչպես, ասենք, ժամանակին Գեորգի Իսահակյանը, հիմա` Վարդան Վիրաբյանը։
-Գլխավոր ռեժիսոր ունենալն անհրաժեշտություն է, իհարկե, բայց ոչ գեղարվեստական ղեկավար։ Առայժմ մեզ կոնկրետ բեմադրամտահղացմամբ չեն դիմել նորավարտները։ Եվ հետո, նոր ձախողումներից խուսափելու համար, նախընտրում ենք որոշակի գումար հայթայթել արտերկրի անվանիներին հրավիրելու նպատակով։ Օպերային ստուդիայի հետ էլ մտադիր ենք սերտացնել վերջին տարիներին ոչ մեր կամքով թուլացած համագործակցությունը։ Հիմա նաև ԶԼՄ-ների բարյացակամ բարոյական աջակցության կարիքն ենք սաստիկ զգում։ 2006-ից սկսված դրական տեղաշարժի արդյունավետությունը միասնական ջանքերով պետք է խթանել։
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ